ՍԱՏՄ ստուգումները փաստում են՝ ոլորտում վերահսկողությունը դեռ բավարար չէ
Սննդային թունավորման դեպքերը Հայաստանում շարունակում են աճել։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) տրամադրած տվյալներով՝ 2024 թվականին արձանագրվել է սննդային թունավորման 13 դեպք, մինչդեռ 2025 թվականի ընթացքում՝ միայն տարվա սկզբից մինչև օրս՝ արդեն 14։ Սրանք դեպքերն են՝ արձանագրված հանրային սննդի կետերում։
Ըստ ՍԱՏՄ-ի՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված ստուգումների արդյունքում հանրային սննդի 247 կետից 226-ում հայտնաբերվել են խախտումներ։ Դրանք հիմնականում վերաբերում են սանիտարահիգիենիկ պահանջների չպահպանմանը, սանիտարական գրքույկների թերի պահպանմանը, անհրաժեշտ փաստաթղթերի բացակայությանը, ոչ պատշաճ մակնշմանն ու ժամկետանց մթերքի առկայությանը։
Վերահսկողության արդյունքում հաճախ կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, երբեմն՝ գործունեության կասեցում։ Սեպտեմբերին, օրինակ, «Արմավիր Գարդեն» կետում արձանագրվել էր 12 քաղաքացու թունավորում, որի հետևանքով օբյեկտի աշխատանքը կասեցվել էր։
Վերահսկողությունն իրականացվում է ռիսկային մոտեցմամբ․ բարձր ռիսկայնության օբյեկտները ստուգվում են ավելի հաճախ, մինչդեռ ցածր ռիսկի դեպքում ստուգումները կարող են իրականացվել անգամ հնգամյա պարբերությամբ։ Ըստ ՍԱՏՄ-ի՝ 2025 թվականին նախատեսվում է իրականացնել 1010 ստուգում, որոնցից 716-ը՝ բարձր ռիսկայնությամբ տնտեսավարող սուբյեկտներում։
Սակայն պետական վերահսկողությունը խնդրի միայն մի կողմն է։ Թունավորումները կարող են առաջանալ նաև տնային պայմաններում՝ սննդի ոչ պատշաճ պահման և պատրաստման պատճառով։ Թալին
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Անուշ Հակոբյանի խոսքով՝ սննդամթերքը հատկապես շոգ եղանակին կարող է արագ աղտոտվել ու փչանալ.
«Նույնիսկ սառնարանում պահելու դեպքում սխալ ջերմաստիճանը կամ խաչաձև աղտոտումը կարող են խնդիրներ առաջացնել։ Անհրաժեշտ է պահպանել ձեռքերի հիգիենան, մթերքները լավ լվանալ, և խուսափել նույն մակերեսի վրա միաժամանակ տարբեր տեսակի մթերքներ կտրատելուց»։
Թունավորման հիմնական նշաններ կարող են լինել սրտխառնոցը, փսխումը, որովայնային ցավերը։
Բուժման առաջին քայլը, բժշկի խոսքով, հեղուկների բավարար ընդունումն է, մասնավորապես՝ հանքային ջուր։
«Եթե հեղուկի ընդունումը դառնում է անհնար, անհրաժեշտ է դիմել ստացիոնար բուժօգնության, որտեղ ներերակային ճանապարհով լրացվում են օրգանիզմի կորուստները»,– հավելում է բժիշկը։
Թեպետ վերահսկողության մեխանիզմները տարեցտարի բարելավվում են, մասնագետները շեշտում են, որ սննդային անվտանգության ապահովումը պահանջում է ոչ միայն պետական հսկողություն, այլ նաև հանրային պատասխանատվություն։
