ՀայաստանՄշակույթ

Կապանում անցկացվել է տեղական ուտեստ Կուրկուտի ամենամյա փառատոնը

Նոյեմբերի 8-ին Կապան համայնքի Նորաշենիկ գյուղի վարչական տարածքում կայացավ Կուրկուտի 6-րդ ամենամյա փառատոնը։

Ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարվա փառատոնն անցկացվեց տոնավաճառի ձևաչափով՝ ունենալով բարեգործական գաղափար։ Համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ՝ բոլոր տաղավարներից գոյացած գումարը՝ 3,218,110 ՀՀ դրամն ուղղվելու է Կապանի թիվ 3 հատուկ դպրոցի հանրակացարանում բնակվող Դավիթի և Դիաննայի երազանքի իրականացմանը՝ նրանց բնակարանային խնդրի լուծմանը։

Միջոցառման համար թեմատիկ տաղավարներ էին պատրաստել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունները և Համայնքի ղեկավարին կից Երիտասարդական խորհուրդը։ Այստեղ ներկայացվել են կուրկուտ, լավաշ, թթուներ, ժենգյալով հաց, գաթաներ, փախլավա, ինչպես նաև թեյեր, սուրճ, չրեր, մուրաբաներ և ջեմեր։

Միջոցառմանը մասնակցեց 20 վարպետ խոհարար, որոնց համայնքի ղեկավարի կողմից տրվեցին խորհրդանշական նվերներ՝ շամփուրներ։ Ժյուրիի կողմից ընտրվեց ամենահամեղ կուրկուտ պատրաստողը՝ Ծավ գյուղից Կառլեն Մարտիրոսյանը․ նա ճանաչվեց «Կուրկուտի փառատոն-2025» մրցանակի հաղթող։ Իսկ «Լավագույն կենաց» անվանակարգում հաղթեց Արամ Հայրապետյանը։

Փառատոնն ուղեկցվեց համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ ունեցան Barbar Band-ը, Շուշան Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը և Արսեն Գրիգորյանը (Մրո)։

Անցկացվեցին նաև բազկամարտի և պարանի ձգման մարզական մրցաշարեր։ Հաղթողները պարգևատրվեցին հավաստագրերով, մեդալներով, գավաթներով և նվերներով։

Փառատոնը կազմակերպվեց և իրականացվեց Կապանի համայնքապետարանի և Մշակույթի կենտրոնի համատեղ ջանքերով՝ «Կապան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։