ՀայաստանՔաղաքականություն

«Ականատես»-ը հայտնել է «Հայաքվե» դիտորդական առաքելության հնարավոր խախտումների մասին

Վաղարշապատի ընտրություններին ընդառաջ սկանդալները գնալով ավելանում են։ Այս անգամ էլ «Ականատես» դիտորդական առաքելությունը հայտարարում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հոկտեմբերի 27-ին հավատարմագրված «Հայաքվե» դիտորդական առաքելությունը չի պահպանում քաղաքական չեզոքության սկզբունքը։

Տեղեկացվում է, որ «Հայաքվե»-ն, որի կազմում են «Արարատյան սերունդ» և «Երիտասարդական ակումբների դաշնություն» հասարակական կազմակերպությունների, նոյեմբերի 9-ի տվյալներով ունի 78 դիտորդ՝ շուրջ հինգ անգամ ավելի, քան մյուս առաքելությունները միասին։

«Ականատես»-ի փոխանցմամբ՝ հավատարմագրումից հետո «Հայաքվե»-ն նախընտրական շրջանում տարածում է քարոզչական բնույթի հաղորդագրություններ և տեսանյութեր՝ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ։ Նյութերը հրապարակվում են նախաձեռնության Facebook և Telegram հարթակներում։

Ընտրական օրենսգիրքն արգելում է դիտորդական առաքելություններին աջակցել որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի։ Օրենսգրքի 32-րդ հոդվածը դիտորդներին պարտավորեցնում է լինել չեզոք և չարտահայտել կանխակալ դիրքորոշում իշխանության կամ ընդդիմության նկատմամբ։ Նույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 4․1 կետը հնարավորություն է տալիս Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ուժը կորցրած ճանաչել հավատարմագրումը՝ այս կանոնների խախտման դեպքում։

Հարկ է նշել նաև, որ «Հայաքվե»-ն ակտիվ հակաքարոզչություն էր իրականացրել նաև Գյումրու ավագանու գարնան ընտրությունների ժամանակ, ինչը, սակայն, չի խանգարել կազմակերպությանը կրկին հավատարմագրվել Վաղարշապատի ընտրություններին։