ՀայաստանՄշակույթ

«Կյանք ու կռիվ» ֆիլմի շուրջ քննարկումները շարունակվում են

«Կյանք ու կռիվ» ֆիլմի անհետացումը պաշտոնական հարթակներից վերջին օրերին լայն քննարկումների պատճառ է դարձել սոցիալական ցանցերում։ Թեմային ի պատասխան՝ այսօր ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը հանդես է եկել գրառմամբ՝ նշելով, որ սկզբում հարցի պատասխանը պետք էր որոնել «Շարմ հոլդինգ» ընկերությունում, որը նախկինում հանդիսացել է ֆիլմի սեփականատերը։ Սակայն ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի հեղինակային իրավունքները ներկայումս փոխանցված են Հանրային հեռուստաընկերությանը, հետևաբար հարցերը պետք է ուղղվեն Հանրայինի ղեկավարությանը։

«Ամեն դեպքում լավ չի լինի, որ հայերը տեսնեն ֆիլմ հայերի հաղթանակի մասին, ուժեղ հայկական բանակի մասին… Հերոսների մասին։ Սիրուն չի ստացվի… Անհարմար ա… Ամեն ինչ տրամաբանական ա»,– գրել է Մկրտչյանը։

Իրականում ֆիլմի հեղինակային իրավունքները Հ1-ին են պատկանում արդեն 3 տարի և ավելի։ Դեռ 2022-ին հեռուստաընկերությունը տարածել էր հայտարարություն, որում նշվում էր, որ թեև ֆիլմը նկարահանվել է Հանրայինի պատվերով և միջոցներով, փաստացի տնօրինվում է այլ ընկերության, ենթադրաբար՝ «Շարմ հոլդինգ»-ի կողմից։ Գրառման մեջ նշվում էր, որ հեռուստաընկերությունն իրավական գործընթաց է սկսել՝ պարզելու ֆիլմի հեղինակային իրավունքներն այլ իրավատիրոջ փոխանցելու հանգամանքները, գնահատելու և փոխհատուցելու ընկերությանը հասցված վնասը։ Այս պահին, փաստացի, ֆիլմը տնօրինում է Հանրային հեռուստաընկերությունը։

Հարկ է նշել, որ «Կինոդարան» հարթակում ֆիլմն արդեն հասանելի է։

Մարինա Գրիգորյան