Չնայած համաշխարհային գների նվազմանը՝ Հայաստանում հիմնական մթերքների գներն մնում են բարձր
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տվյալներով՝ հացահատիկի համաշխարհային արտադրությունն ու պաշարները 2025 թվականին կհասնեն պատմական առավելագույնին, սակայն Հայաստանում հացի, հացամթերքի և կաթնամթերքի գներն շարունակում են մնալ նույն մակարդակի վրա։
ՊԳԿ-ի հրապարակած զեկույցի համաձայն՝ հոկտեմբերին պարենային ապրանքների համաշխարհային գներն ընդհանուր առմամբ նվազել են՝ պայմանավորված հացահատիկի, մսի, կաթնամթերքի և շաքարի առատ պաշարներով։ Հացահատիկի գները նվազել են միջինում 1.3 տոկոսով․ ցորենը՝ 1 տոկոսով, բրինձը՝ 2.5 տոկոսով։ Շաքարի գներն անկում են ապրել 5.3 տոկոսով՝ հասնելով վերջին հինգ տարվա ամենացածր մակարդակին։
Չնայած այս միտումներին, Հայաստանում նման փոփոխություն գրեթե չի նկատվում։ Այսօր հացի նվազագույն գինը մնում է 150 դրամ, իսկ թթվասերի միջին գինը՝ շուրջ 500 դրամ 200 գրամի համար։ Նույն պատկերը պահպանվում է նաև հացամթերքի շուկայում՝ բուլկու, մակարոնեղենի և ալյուրի գներն անփոփոխ են մնում արդեն ամիսներ շարունակ։
Եթե համաշխարհային շուկայում ցորենի գները նվազել են, հարց է առաջանում՝ ինչու՞ Հայաստանը չի կարողանում տարբեր շուկաներից մրցակցային, ավելի մատչելի ցորեն ներմուծել, մանավանդ երբ առկա է հացահատիկի պաշարների մեծ ավելցուկ։ Ներմուծման շուկաների սահմանափակված լինելը և տեղական արտադրության ցածր մակարդակը կարող են խոչընդոտել գների բնական նվազմանը։
Արդյունքում՝ այն իրավիճակը, երբ համաշխարհային գներն ընկնում են, իսկ Հայաստանում հացը և դրա հետ կապված մթերքները մնում են նույն արժեքով, շարունակվում է ձևավորել հարցեր սպառողների շրջանում՝ արդյո՞ք տեղական շուկան արհեստականորեն է պահպանում բարձր գները։
