ՀայաստանՔաղաքականություն

Պետությանը վերադարձվել է 158 մլն դոլար արժողությամբ հողատարածքը Արարատի մարզում

Արարատի մարզում պետությանը է վերադարձվել շուրջ 5330 հա պետական հողատարածք, որի շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը կազմում է ավելի քան 60 միլիարդ 553 միլիոն դրամ։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեռ 2006 թվականին Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանը իրավական պահանջների խախտմամբ այս հողերը 49 տարով, անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է «Կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին։ Ընկերությունը հիմնադրել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Վարդգես Մաթևոսյանը, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գ.Գ.-ը և մարզպետ Ալիկ Սարգսյանը”

Կադաստրի կոմիտեն սեպտեմբերի 19-ին պետական գրանցմամբ դադարեցրել է ընկերության օգտագործման իրավունքը։ Դատախազությունը գրություն է ուղարկել շրջակա միջավայրի նախարարին՝ տարածքների չափագրումը կազմակերպելու համար։

Սեպտեմբերի 22-ին Արարատի մարզի դատախազությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուչցիոն կոմիտեին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու հատկանիշներով։