Կասեցվել է «Պրեմիում» ՍՊԸ արտադրամասի գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Պրեմիում» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի, գազավորված զովացուցիչ ըմպելիքների և տոմատի հյութի արտադրամասում։ Հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Մասնավորապես, արտադրական շինությունները չեն ապահովել պաշտպանություն կրծողների և միջատների ներթափանցումից, իսկ շինությունների կառուցվածքը չի երաշխավորել պարենային հումքի, փաթեթավորման նյութերի և պատրաստի սննդամթերքի պահպանման պատշաճ պայմանները։ Արտադրամասը և փաթեթավորման սրահը գտնվել են նույն տարածքում, ինչը խախտում է կանոնները։
Սանհանգույցի դուռը անմիջապես բացվել է դեպի արտադրական տարածք, իսկ ձեռքեր լվանալու համար նախատեսված լվացարաններ չեն եղել։ Պատերի և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից, առաստաղի որոշ հատվածներում առկա են եղել անհարթություններ, օդորակիչի մոտ բացվածքներ, որոշ հատվածներում ծեփերը թափված են եղել։
Դարակաշարերը և սեղանները գտնվել են ոչ բարեկարգ վիճակում, հայտնաբերվել են կոռոզիայի հետքեր, իսկ արտադրամասի սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, և սահմանվել է ժամկետ՝ բոլոր հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
