Հայկական բանկային քարտերը հնարավոր կլինի օգտագործել Ղրղզստանում և Ուզբեկստանում
Հայկական «ArCa» վճարային քարտերով շուտով հնարավոր կլինի վճարումներ կատարել Ղրղզստանում և Ուզբեկստանում՝ փոխադարձության սկզբունքով։ Համապատասխան համաձայնագրերը Երևանում ստորագրեցին «ArCa» վճարային համակարգի գործադիր տնօրեն Վարդան Խաչատրյանը, Ղրղզստանի «Միջբանկային պրոցեսինգային կենտրոնի» ղեկավար Ալթիմիշ Տուրատբեկովը և Ուզբեկստանի «Hayot Bank»-ի մանրածախ բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Բեհզոդ Իսակժոնովը։ Հայաստանը Հարավային Կովկասում առաջին երկիրն է, որի հետ այդ երկրներ իրականացնում են նման համագործակցություն։
Առաջին փուլում կգործարկվեն «ArCa»–«Elkart» առցանց վճարումները։ Երկրորդ փուլում քարտերը կսպասարկվեն երկու երկրների բանկոմատներում, իսկ երրորդ փուլում կգործեն փոխադարձ QR վճարումները։ Սա հնարավորություն կտա և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի բնակիչներին վճարումներ կատարել միմյանց երկրներում՝ բանկային հավելվածով սկանավորելով վաճառքի կետերում տեղադրված QR-կոդերը։
Ուզբեկստանի «Hayot Bank»-ի հետ համաձայնագրով նախատեսվում է փոխադարձ QR վճարումների գործարկում։ Հայկական քարտապանները Ուզբեկստանում կկարողանան վճարել ինչպես «Hayot Bank»-ի, այնպես էլ «Ուզքարտ» օպերատորի QR կետերում, որոնց ընդհանուր թիվը մոտ 100 հազար է։ Վճարումները կատարվելու են ակնթարթային եղանակով։
Ուզբեկստանի ներկայացուցիչ Բեհզոդ Իսակժոնովը նշեց, որ «Hayot Bank»-ը նման նախագծեր իրականացնում է նաև Չինաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ղրղզստանի հետ։
