Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները բողոքարկել են 2 տարվա ազատազրկման դատավճիռը
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները վերաքննիչ դատարանում բողոքարկել են նրան 2 տարվա ազատազրկման դատապարտող առաջին ատյանի դատարանի վճիռը։ Պաշտպանական թիմը խնդրել է ամբողջությամբ բեկանել դատավճիռը և կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչելով հոգևորականի անմեղությունը։
Պաշտպանական թիմի հաղորդագրության համաձայն՝ նրանք նպատակ ունեն վերաքննիչ դատարանում ներկայացնել ապացույցներ և փաստարկներ, որոնք հիմնավորում են հոգևորականի անմեղությունը, և պահանջում են նոր դատական ակտ, որից հետո ամբողջությամբ կբեկանվի նախորդ որոշումը։
Միքայել արքեպիսկոպոսկ Աջապահյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։
Հունիսի 28-ին Աջապահյանը կալանավորվել էր, իսկ հոկտեմբերի 3-ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել 2 տարվա ազատազրկման։ Պաշտպանները փաստում են, որ առաջին ատյանի դատարանի վճիռը հիմնավորված չէ և չեն ընդունում, որ Աջապահյանը կատարել է իրեն վերագրված արարքները։
