ԱրցախՔաղաքականություն

Հայտնի է, թե ինչ պատժաչափեր է Ադրբեջանի դատախազը պահանջում Արցախի նախկին ռազմակաքաղաքական ղեկավարների համար

Երեկվանից քաղաքական դաշտի մի շարք ներկայացուցիչներ բարձրաձայնում են Բաքվում պահվող հայ գերիների հարցը։ Այս մտահոգության պատճառը ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակած տեղեկություններն են, որոնց համաձայն՝ մեղադրող կողմը պահանջել է խոշոր պատժաչափեր Արցախի նախկին ռազմակաքաղաքական ղեկավարների նկատմամբ։

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը նշեց, որ Ադրբեջանում գերեվարված հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ ընթացող դատավարությունները քաղաքականացված և շինծու են։ Նա ընդգծեց, որ գերիների վերադարձը պետք է մնա Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնահերթություններից մեկը։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Արայիկ Հարությունյանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի նկատմամբ։ 20 տարվա ազատազրկում են պահանջվել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Մադաթ Բաբայանի և Մելիքսեթ Փաշայանի նկատմամբ։ Մյուս գերիների համար պահանջվող պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բալայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան և Էրիկ Ղազարյան՝ 16 տարի։

Լիլիթ Գալստյանը հավելեց, որ հայկական կողմը պետք է հետևի այս հարցին՝ պահպանելով միջազգային չափանիշները և շարունակելով համագործակցությունը գերիների վերադարձի ուղղությամբ։