ՀայաստանՄշակույթ

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Խաչիկ Բադալյանը

82 տարեկանում վախճանվել է ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Խաչիկ Բադալյանը։ Լուրը հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Խաչիկ Բադալյանը ծնվել է 1940 թվականի հուլիսի 28-ին Լենինականում։ Դերասանական կրթությունը ստացել է Լենինականի Ա. Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի ստուդիայում, որտեղ սովորել է 1960-1962 թթ․։

1962 թվականից նա անընդմեջ աշխատել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ դառնալով թատրոնի հիմնասյուներից մեկը։ 1989-1995 թթ․ ստեղծագործել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Խորհրդային տարիներին ղեկավարել է նաև մի շարք ինքնագործ խմբեր ու մասնակցել համամիութենական փառատոների։

Խաչիկ Բադալյանը մարմնավորել է ավելի քան 100 դեր՝ աչքի ընկնելով լայն դերասանական Diապազոնով։ Նրա խաղացած լավագույն դերերից են՝ Մուրադ («Չար ոգի»), Խլեստակով («Ռևիզոր»), Թադե («Շողոքորթն»), Սիսակ («Խնդանք անցնինք»), Իսայի («Խաթաբալա»), Գիժ («Քանդած օջախ»), Պյոտր («Անտառը»), Սերոբ («Իմ տունը քո տունը չէ»), Այլիֆ («Կուրաժ մայրիկը»), Մեսրոպ Մաշտոց («Մեսրոպ Մաշտոց») և տասնյակ այլ կերպարներ։

Դերասանը պարգևատրվել է Հայաստանի ՍՍՀ վաստակավոր արտիստի կոչմամբ (1989), «Մովսես Խորենացի» մեդալով (2009) և 2015-ին ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի բարձր կոչումը։