Սանիտարական խախտումներ «Բրադերս» արտադրամասում
Արագածոտնի մարզի Նոր Երզնկա համայնքում գտնվող «Բրադերս» ՍՊԸ-ին պատկանող հրուշակեղենի արտադրամասում իրականացված ստուգումը բացահայտել է սանիտարահիգիենիկ նորմերի մի շարք խախտումներ, ինչի հետևանքով արտադրական գործունեությունը կասեցվել է։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի տեղեկացմամբ՝ արտադրամասի մուտքային հատվածի պատերն ու հատակը պատրաստված չեն եղել սննդի արտադրության համար պարտադիր համարվող անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից։ Բացի այդ՝ առաստաղի մի հատվածում հայտնաբերվել են բորբոսի և կեղտի կուտակումներ, ինչպես նաև մասնիկների թափման վտանգ, ինչը կարող է ուղղակիորեն ազդել արտադրանքի անվտանգության և որակի վրա։
Պայմանները գնահատելով՝ տեսչական մարմնի որոշել է կասեցնել արտադրամասի աշխատանքը։ Ընկերությանը տրվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու և տարածքը պահանջվող նորմերին համապատասխանեցնելու համար։
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ վերահսկողությունը այս ոլորտում շարունակական է և նպատակ ունի պաշտպանել սպառողների առողջությունն ու ապահովել արտադրության անվտանգությունը։
