Հայաստանը վավերացրեց Հունաստանի հետ մշակութային արժեքների պաշտպանությանը վերաբերող համաձայնագիրը
Հայաստանի կառավարությունը այսօր կայացած նիստում վավերացրեց Հայաստանի և Հունաստանի միջև մշակութային արժեքների հափշտակումը, անօրինական պեղումները, ինչպես նաև դրանց ապօրինի ներմուծումն ու արտահանումը կանխելու, սեփականության իրավունքի փոխանցումը վերահսկելու և մշակութային արժեքները ծագման երկրներին վերադարձնելու վերաբերյալ համաձայնագիրը։
Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ փաստաթուղթը կնպաստի երկու երկրների մշակութային ժառանգության, ինչպես նաև համաշխարհային մշակութային ժառանգության պահպանությանը և պատշաճ պաշտպանությանը։
Համաձայնագրով նախատեսվում է նաև երկու երկրների համապատասխան մարմինների և մասնագետների համագործակցություն՝ ներառյալ փորձերի փոխանակման և վերապատրաստման ծրագրեր։ Դրանք կուղղվեն ապօրինի շրջանառության կանխմանը, մշակութային արժեքների վերադարձի գործընթացների բարելավմանը և ռեստիտուցիայի միջազգային մեխանիզմների արդյունավետ կիրառմանը։
Հայաստանն ու Հունաստանը աշխարհի ամենամեծ պատմամշակութային ժառանգություն ունեցող երկրներից են։ Տարածաշրջանում ակտիվ է սև շուկան, որտեղ վաճառվում են պատմական իրեր։ Հայաստանն ու Հունաստանը այս հարցում ունեն նման խնդիրներ և փոխադարձ աջակցությունը կարող է նվազեցնել այդ ռիսկերը։
