ԻրավականՀայաստան

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել՝ «Հարսնաքար»-ին հողօգտագործման պայմանագրում առկա խնդիրները լուծելու համար

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է «Սևան ազգային պարկի» և «Նորալուսին» ընկերության միջև կնքված հողօգտագործման պայմանագիրը և հայտնաբերել իրավական ու ֆինանսական լուրջ խախտումներ։

Գլխավոր դատախազությունը «Սևան ազգային պարկի» ղեկավարին ուղարկել է միջնորդագիր՝ 2002 թվականին կնքված 2,8 հեկտար հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու համար։ Պարզվել է, որ հողամասը տրամադրվել է առանց մրցույթի, իսկ դրա մասին պայմանագրում որևէ տվյալ չի եղել։ 

Ուսումնասիրությամբ հայտնաբերվել է նաև, որ ՊՈԱԿ–ը տարիներ շարունակ չի հաշվարկել և չի ստացել հողամասի իրական կադաստրային արժեքին համապատասխան վարձավճարը։ Կադաստրի տվյալներով՝ հողամասի արժեքը փոխվել է դեռ 2021-ին՝ կազմելով շուրջ 452 միլիոն դրամ, իսկ պայմանագրով վարձավճարը պետք է կազմեր այդ արժեքի 1.61 տոկոսը։ Արդյունքում, 2021 թվականի հունվարից մինչև 2025 թվականի սեպտեմբեր պետությունը չի ստացել մոտ 34,6 միլիոն դրամ վարձավճար։

Բացի այդ, վարձակալության ժամկետի ավարտից հետո ՊՈԱԿ–ը որևէ քայլ չի արել պայմանագիրը դադարեցնելու, հողամասում գտնվող շենքերը պետական կառույցին փոխանցելու կամ տարածքը ազատեցնելու համար։ Դատախազությունն այս բացթողումները համարել է պաշտոնեական խախտումներ և դրանց վերաբերյալ հաղորդում ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ արդեն իսկ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Միաժամանակ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկին»՝ պահանջելով լուծել Դրախտիկում գտնվող՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ընտանիքին առնչվող անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը։