Երևանը Չինաստանից կգնի 45 նոր տրոլեյբուս
Երևանի քաղաքապետարանը Չինաստանից ձեռք է բերել 45 հատ 12 մետրանոց տրոլեյբուս, որոնք Հայաստան կհասնեն 2026 թվականի առաջին կիսամյակում։ Տրանսպորտային միջոցների կանխավճարը փոխանցված է: Յուրաքանչյուր տրոլեյբուսի արժեքը կազմում է 96 մլն դրամ։
Նոր տրոլեյբուսները նախատեսված են շուրջ 85 ուղևոր տեղափոխելու համար։ Դրանք կունենան 25 նստատեղ և 3 լրացուցիչ տեղ, ինչպես նաև հագեցած կլինեն ծալովի թեքահարթակներով՝ անվասայլակով ուղևորների համար։
Տրանսպորտային միջոցները կփոխարինեն մայրաքաղաքում արդեն շուրջ երկու տասնամյակ շահագործվող 30 «ԼԻԱԶ» տրոլեյբուսներին։ Այս գնումից հետո Երևանի տրոլեյբուսային պարկը ամբողջովին կթարմացվի և կհասնի 75 նոր տրոլեյբուսի։
Հիշեցնենք, որ դեռևս հունիսին Երևանի քաղաքապետարանի նախկին մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարել էր, որ Երևանի իշխանությունները չեն կարողանա ձեռք բերել նախապես խոստացված տրոլեյբուսների մի մասը՝ թերհավաքագրումների պատճառով։
Ավելի ուշ՝ հոկտեմբերին, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ առանց տոմսի ուղևորափոխադրումը տուգանող օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քաղաքային տրանսպորտի եկամուտները աճել են շուրջ 20 տոկոսով, ինչն ապահովել է նոր գնումների հնարավորությունը։
Քաղաքապետը նաև տեղեկացրել էր, որ հաջորդիվ նախատեսվում է մեկ խմբաքանակով ձեռք բերել 250 հատ 18 մետրանոց նոր ավտոբուս։ Հարցը կքննարկվի մինչև տարեվերջ կայանալիք ներդրումային կոմիտեի նիստում։
Նշենք, որ սեպտեմբերի 18-ի կառավարության նիստում 2 մլրդ 138 մլն դրամ էր հատկացվել 45 նոր տրոլեյբուսների և բարձրահարկ շենքերի համար նոր վերելակների ձեռքբերման կանխավճարի համար։
