ՀայաստանՔաղաքականություն

Ավարտվեց հայ քաղհասարակության անդամների այցը Բաքու

Նոյեմբերի 21-22-ին Բաքուն հյուրընկալեց «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հերթական հանդիպումը, որի շրջանակում Ադրբեջան էր մեկնել Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների խումբը։ Այցի նպատակն էր գնահատել խաղաղ գործընթացի դինամիկան, վերաիմաստավորել երկխոսության ձևաչափերը և մշակել համագործակցության նոր մեխանիզմներ։

Հայաստանից քննարկումներին մասնակցել են Արեգ Քոչինյանը, Բորիս Նավասարդյանը, Նաիրա Սուլթանյանը, Նարեկ Մինասյանը և Սամվել Մելիքսեթյանը։ Ադրբեջանական կողմից ներկայացված են եղել Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը, Քյամալա Մամեդովան, Ռամիլ Իսկանդերլին և Ֆուադ Աբդուլլաևը։

Մասնակիցները նշել են, որ երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև շփումները շարունակում են կարևոր դեր խաղալ դիրքորոշումների մոտեցման, փոխվստահության ստեղծման և խաղաղաշինական միջավայրի ձևավորման գործում։ Քննարկվել են նաև մեդիա ոլորտում համագործակցության ընդլայնման, փորձագետների միջև կապերի ակտիվացման և հանրային փոխանակումների նոր ձևաչափերի ստեղծման հնարավորությունները։

Բաքու այցելության ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպել են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Քննարկման կենտրոնում են եղել Վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած քայլերը, որոնք միտված են խաղաղության օրակարգի ամրապնդմանը։

Կողմերը հայտարարել են, որ նախատեսում են շարունակել երկկողմ շփումները և առաջիկայում կազմակերպել նոր այցեր Հայաստան և Ադրբեջան։

Մարինա Գրիգորյան