Վարչապետի գլխավորությամբ կայացել է պետական մարմինների ներկայացուցիչների համաժողով․ պաշտոնական հրաժեշտ, թե՞ խորհրդանշական մեկնարկ առաջիկա քաղաքական մրցավազքի համար
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվել է Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովը, որին մասնակցել է շուրջ 7 հազար մարդ։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, ինչպես նաև օրենսդիր, գործադիր, դատական և իրավապահ համակարգերի, անկախ մարմինների, զինված ուժերի ու պետական աջակից ոլորտների ներկայացուցիչներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Պետության հարատևության բանաձևը» խորագրով ելույթը դարձավ համաժողովի առանցքը։ Փաշինյանի խոսքով՝ պետական համակարգի բոլոր աշխատողները միավորված են հավաքական պատասխանատվությամբ, և նրանց աշխատանքի որակը կանխորոշում է պետության արդյունավետությունը։
Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի պետական մարմինների աշխատանքի «մակրոնպատակը» պետք է լինի երկրի հարատևության ապահովումը։ Նրա հայտարարությամբ՝ պետության հազարամյա զարգացման տեսլականը ձևավորում է գործողությունների ընդհանուր հոգեբանությունն ու ռազմավարական մտածողությունը։
Փաշինյանը առանձնահատուկ կարևորել է լեգիտիմության դերը՝ նշելով, որ այն պետք է դառնա ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերությունների հիմքը։ Վարչապետը հայտարարել է, որ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը շարունակում է լինել Հայաստանի արտաքին քաղաքական լեգիտիմության առանցքը, իսկ ներքին լեգիտիմությունը պահանջում է ժողովրդի ազատ կամարտահայտմամբ նոր Սահմանադրության ընդունում։
Նրա խոսքով՝ ներկայիս իրավակարգի նկատմամբ քաղաքացիների «օտարության զգացումը» ինչ–որ չափով պայմանավորված է նախկին սահմանադրական հանրաքվեների նկատմամբ վստահության պակասով, և այդ խնդիրն անհրաժեշտ է հաղթահարել նոր, հանրային վստահությամբ հիմնավորված Սահմանադրությամբ։
Համաժողովը շարունակվել է ոլորտային քննարկումներով, որտեղ պետական մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են նաև համակարգային բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ։
