Հայաստանը 2027-ին կհյուրընկալի COP12-ը
Նոյեմբերի 22-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայացած Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի 11-րդ համաժողովում Հայաստանն ընտրվել է 2027 թվականին կայանալիք Կոնվենցիայի 12-րդ համաժողովի (COP12) հյուրընկալող երկիր։ Հայաստանը կընդունի նաև Ծխախոտային արտադրանքի անօրինական առևտրի վերացման արձանագրության կողմերի հանդիպման հինգերորդ նստաշրջանը։
Արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ COP12-ի անցկացումը Հայաստանում դիտարկվում է որպես միջազգային հանրության վստահության աճի վկայություն։ Ըստ ԱԳՆ-ի՝ Հայաստանը ստանձնում է կարևոր դերակատարում՝ ուղղված ծխախոտի օգտագործման նվազեցմանը, դրա հետևանքով առաջացող հիվանդությունների կանխարգելմանը և անօրինական առևտրի դեմ ավելի արդյունավետ պայքարին։
Կոնվենցիայի կողմերի համաժողովը հանդիսանում է որոշում կայացնող բարձրագույն մարմին, որը յուրաքանչյուր երկու տարին մեկ գնահատում է կատարված աշխատանքը և ընդունում նոր որոշումներ՝ ուղղված ծխախոտի «համաճարակի» կանխարգելմանն ու վերահսկմանը։
Համաժողովները լայն ընդգրկում են ունենում․ նիստերին մասնակցում են ոչ միայն պետությունների պաշտոնական պատվիրակությունները, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ՝ միջազգային և տեղական հասարակական կազմակերպություններ, բնիկ ժողովուրդների համայնքային կառույցներ, հետազոտական և ակադեմիական շրջանակներ, կանանց ու երիտասարդական կազմակերպություններ, ինչպես նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
