ՀայաստանՍպորտ

Մահացել է լեգենդար ֆուտբոլիստ և Երևանի «Արարատի» մարզիչ Նիկիտա Սիմոնյանը

99 տարեկանում մահացել է հայտնի խորհրդային ֆուտբոլիստ, մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և մոսկովյան «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

Նրա խոսքով՝ Սիմոնյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր նոյեմբերի 20-ին, ինչից հետո նրան հոսպիտալացրել էին։

Նիկիտա Սիմոնյանը կարևոր դեր է ունեցել նաև հայկական ֆուտբոլի պատմության մեջ։

1973-1974 թվսկաններին նա գլխավորել է Երևանի «Արարատը», որի հետ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Նրա օրոք գրվել է թիմի ոսկեդարյան պատմությունը։ Սիմոնյանը «Արարատ» է վերադարձել նաև 1984-1985 թվականներին։

Մոսկվայի «Սպարտակում» Սիմոնյանը դարձավ ակումբի պատմության լավագույն ռմբարկուն՝ խփելով 160 գնդակ։ ԽՍՀՄ ազգային առաջնություններում նա կարևորագույն ցուցանիշ է սահմանել՝ 133 գոլ, ինչը լավագույն արդյունքն է առաջնության պատմության մեջ։

Խաղային կարիերայի ընթացքում Սիմոնյանը մասնակցել է 285 հանդիպման և դարձել 145 գոլի հեղինակ։ Նա ԽՍՀՄ քառակի չեմպիոն էր` որպես ֆուտբոլիստ,մև կրկնակի չեմպիոն՝ որպես գլխավոր մարզիչ։

Նրա ֆուտբոլային ու մարզչական գործունեությունը բարձր է գնահատվել նաև պետական մակարդակով։

2011 թվականին նա պարգևատրվել է Պատվո շքանշանով, իսկ 2013 թվականին` հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար ստացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալ։