Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են շուրջ 4000 տարվա հնագույն գտածոներ
Բերդ քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ կատարելիս շինարարները հողաշերտից գտել են միջին բրոնզեդարյան ժամանակաշրջանի խեցեղեն։ Նրանք անմիջապես տեղեկացրել են Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին։ Համայնքապետարանը դադարեցրել է ճանապարհաշինարարական աշխատանքները։
Գտածոներն ուսումնասիրել է ՀՀ ԿԳՄՍՆ-ի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Փիլիպոսյանը։ Նրա խոսքով՝ հայտնաբերված հատվածում բացվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակի սկզբին բնորոշ հիմնահողային դամբարան։ Այդ ժամանակ տարածված է եղել դիակիզումը, ուստի նման դամբարաններում հիմնականում հանդիպում են անոթներ, զարդեր, կենդանական ոսկորներ, բայց ոչ մարդկային մնացորդներ։
Այս պահին հայտնաբերվել է 5-ից ավելի անոթ, որոնց մի մասը գունազարդ է։ Դրանք մեծ չափի ջրամաններ են՝ նարնջագույն մակերեսով և սև նախշերով։ Փիլիպոսյանի խոսքով՝ նման անոթներ հանդիպում են ամբողջ Հայկական լեռնաշխարհում։
Գտածոները հետագայում կտեղափոխվեն «Բերդ» պատմամշակութային արգելոցի թանգարան, որպես նոր ցուցադրություն։
