Վրաստանը խստացնում է ձմեռային անվադողերի պահանջները․ նոր կանոնները կարևոր են նաև Հայաստանի քաղաքացիների համար
Դեկտեմբերի 1-ից մինչև 7 մարտի 1-ը Վրաստանում լեռնային ճանապարհներով երթևեկող ավտոմեքենաների համար սահմանվել են ձմեռային անվադողերի պարտադիր օգտագործման խիստ կանոններ։ Պարեկային ծառայությունը վերահսկելու է միջազգային և պետական մի շարք ավտոճանապարհներ, որոնցով տեղաշարժվում են նաև Հայաստանի քաղաքացիները։
Ամառային անվադողերի օգտագործումն ամբողջությամբ արգելվում է Մլեթա–Կոբի հատվածում՝ Վրաստան–Ռուսաստան միակ ցամաքային ճանապարհին։ Խիստ ռեժիմ է սահմանվում նաև Վրաստանի այլ լեռնային շրջաններում, այդ թվում՝ Հայաստան–Վրաստան և Վրաստան–Թուրքիա երթուղիներին մոտ գտնվող հատվածներում, ինչպես նաև շուրջ 1300 կիլոմետր ներքին ճանապարհների վրա։
Նոր կանոններով՝ անվադողերը պետք է լինեն մինչև 10 տարվա, և արտադրության տարեթիվը պետք է տեսանելի լինի։ Բացի այդ՝ ակոսների խորությունը պետք է լինի առնվազն 3 մմ՝ անձնական և բեռնատար մեքենաների, և 4 մմ՝ միկրոավտոբուսների և մինչև 5 տոննա քաշ ունեցող ավտոբուսների համար։ Անվադողերը պետք է ունենան ձյան նշանը։
3.5 տոննայից ավելի ծանրաբեռնվածությամբ ավտոբուսներին ու բեռնատարներին թույլատրվում է օգտագործել անվադողեր առանց ձյան նշանի, սակայն այս դեպքում պարտադիր է ունենալ ձյան համար նախատեսված շղթաներ։
Վրաստանի ոստիկանությունը կարող է կանգնեցնել տրանսպորտային միջոցը՝ անվադողերը տեսողական զննելու և ակոսների խորությունը չափելու համար։ Կանոնների խախտման դեպքում սահմանվում է 100 լարի տուգանք։ Եթե մեքենան վտանգ է ներկայացնում երթևեկության համար, կարող է արգելվել դրա մուտքը երկիր կամ նույնիսկ իրականացվել մեքենայի առգրավում։
