ԱրցախԿրթություն

Արցախից բռնի տեղահանված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում

Կառավարության նիստում ընդունվել է որոշում, ըստ որի՝ 2025-2026 ուսումնական տարում Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջին կուրս ընդունված ուսանողները կստանան ուսման վարձի փոխհատուցում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Փոխհատուցում կտրամադրվի պետական բուհերի վճարովի համակարգում (բակալավր, առկա ուսուցում) շուրջ 240 ուսանողի և արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 1-ին կուրս ընդունված շուրջ 75 ուսանողի:

Բուհերի ուսանողներն այս որոշման շրջանակում փոխհատուցում կստանան մինչև տվյալ կրթական մակարդակի ավարտը 75% և ավելի կիսամյակային մոգ (միջին որակավորման գնահատական) ապահովելու, իսկ արհեստագործական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողները՝ նախորդ կիսամյակի արդյունքում 50 տոկոսից ոչ պակաս «գերազանց» և «լավ» գնահատականներ ունենալու դեպքում:

Ընդհանուր առմամբ՝ 2025-2026 ուսումնական տարում նախատեսված առաջադիմության շեմը բավարարելու պարագայում ուսման վարձի փոխհատուցում կստանա բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով սովորող շուրջ 870 ուսանող: