998 դեպք՝ տուգանքներ, վարչական պատասխանատվություն. ԲԸՏՄ-ն տվյալներ է հրապարակել
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2025 թվականին արձանագրել է 998 դեպք՝ մթնոլորտային օդի պահպանության ոլորտում այրումների վերահսկման ընթացքում։ Դեպքերը վերաբերում են թափոնների, տերևների, խոզանների, բուսածածկի մնացորդների և աղբավայրերի այրմանը։
Դեպքերի մեծամասնությունը՝ 793, գրանցվել է Թեժ գծի միջոցով ստացված ահազանգերով, որոնցից 582-ը եղել են ՆԳՆ փրկարար ծառայությունից, իսկ 211-ը քաղաքացիներից։ 74 դեպք արձանագրվել է Տեսչական մարմնի նախաձեռնությամբ, իսկ 131-ը՝ այլ մարմիններից, ներառյալ մարզպետարաններն ու համայնքները։
Արձանագրված դեպքերը գրանցվել են նաև մարզերում. Երևանում՝ 23, Արագածոտնում՝ 36, Արարատում՝ 213, Արմավիրում՝ 58, Գեղարքունիքում՝ 62, Լոռիում՝ 38, Շիրակում՝ 74, Սյունիքում՝ 9, Վայոց ձորում՝ 14, Կոտայքում՝ 432, Տավուշում՝ 39 դեպք։
2025 թվականի ընթացքում 74 քաղաքացու նկատմամբ կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, իսկ նշանակված տուգանքների ընդհանուր չափը կազմել է 1.750.000 դրամ։ Հաստատվել են երեք քրեական գործեր, և 39 միջնորդություն ուղարկվել է մարզպետարաններին՝ աղբավայրերում հակահրդեհային վերահսկողություն իրականացնելու և պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։
ԲԸՏՄ-ն տեղեկացնում է, որ տարվա ընթացքում խոշորացված բոլոր համայնքներում անցկացվել են իրազեկման հանդիպումներ, որոնց մասնակցել են մարզպետները, համայնքների ղեկավարները, ավագանիները և բնակիչները։ Հանդիպումների թեմաներն ընդգրկել են հրդեհների և հրդեհավտանգ իրավիճակների կանխարգելումը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները և վարչական տուգանքների կարգը։
Մարզպետարանները և համայնքների ղեկավարները հիշեցվել են, որ խոզանների, բուսական մնացորդների, արոտավայրերի և խոտհարքների այրումը, այդ թվում՝ անտառամերձ և հատուկ պահպանվող տարածքներում, առաջացնում է վարչական պատասխանատվություն։ Տուգանքի չափը սահմանված է 50.000-300.000 ՀՀ դրամ՝ խախտման աստիճանից կախված։
