ԿրոնՀայաստան

Հոգևոր ժողովը չգումարվեց․ Մայր Աթոռը հերքում է հրապարակված մեղադրանքները

Այսօր Մայր Աթոռում նախատեսված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն այդպես էլ չգումարվեց. պատճառը որոշ անդամների բացակայությունն էր՝ Տեր Նավասարդ արք․ Կճոյանի, Տեր Աբրահամ արք․ Մկրտչյանի, Տեր Վազգեն արք․ Միրզախանյանի, Տեր Վրթանես եպս․ Աբրահամյանի և Տեր Գևորգ եպս․ Սարոյանի։

Չնայած դրան՝ ներկա ժողովականները անդրադարձել են ինը եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը։ Մայր Աթոռի գնահատմամբ՝ շարադրանքն ամբողջությամբ խեղաթյուրված է ներկայացնում Տ․ Արշակ արք․ Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։

Հանձնախումբը որևէ նիստ չի գումարել և չի ընձեռել Սրբազանին հանդիպելու հնարավորություն, իսկ կաթողիկոսին ներկայացված եզրակացությունը կազմվել է ոչ պատշաճ ընթացակարգով։ Հանձնախումբը նաև չի ուղղել պաշտոնական դիմում Քննչական կոմիտեին՝ Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության համար, իսկ հանձնախմբի առանձին անդամի կողմից ստացված եզրակացությունն օրենքի խախտումով է ձեռք բերվել և չի կարող դիտվել որպես արժանահավատ հիմք։

Մայր Աթոռը տեղեկացնում է, որ Ատենապետ Տ․ Խաժակ արք․ Պարսամյանը, հաշվի առնելով հանձնախմբի ոչ արդյունավետ աշխատանքները, կաթողիկոսին առաջարկել է ձևավորել երեք անձից կազմված նոր հանձնախումբ, որը կարող է քննարկել նաև Սրբազանի ծառայության ժամանակավոր կասեցման հարցը։ Հանձնախմբի անդամները տվել են իրենց համաձայնությունը նոր հանձնախմբի առաջարկի վերաբերյալ։

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ ժողովականները կրկին կոչ են արել եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ՝ մտահոգություններն արտահայտելով եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում։

Հիշեցնենք՝ երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել մի շարք եպիսկոպոսների, իսկ մասնավորապես՝ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, Տեր Առաքել եպիսկոպոս Տիգրանյանի և Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։

Մարինա Գրիգորյան