ԿրոնՀայաստան

Տ. Թադե Թախմազյանը կարգալույծ է հռչակվել

Գարեգին Երկրորդի տնօրինությամբ այսօր կարգալույծ է հռչակվել Թալինի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ. Թադե քահանա Թախմազյանը։ Այս մասին տեղեկացնում է Արագածոտնի թեմը։

Արագածոտնի թեմի հայտարարության համաձայն՝ կարգալուծության հիմք են հանդիսացել Արագածոտնի թեմի Վարչական խորհրդի զեկուցագիրը և Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։

Հիմնավորումների թվում նշվում է, որ Թադե քահանան՝ վարկաբեկել է Հայ Եկեղեցին և եկեղեցականներին՝ հրապարակային զրպարտիչ հայտարարություններ տարածելով, մասնակցել է հակաեկեղեցական գործողությունների, ցուցաբերել է անհնազանդություն եկեղեցական իշխանության նկատմամբ, ինչպես նաև՝ պատարագների ժամանակ զեղչել է կաթողիկոսի և թեմակալ առաջնորդի անունների հիշատակությունը՝ խախտելով նվիրապետական կարգը։

Կարգալույծ քահանան այսուհետ դասվելու է աշխարհականների շարքին՝ Արամայիս Թախմազյան անվամբ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Տ. Թադե քահանա Թախմազյանը պատարագ էր մատուցել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քահանան ավելի վաղ իր աջակցությունն էր հայտնել Ստեփան Ասատրյանին (նախկինում՝ Տեր Արամ քահանային)։

Մարինա Գրիգորյան