Պայթյուն Նորապատ գյուղում
Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության փոխանցմամբ՝ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ժամը 14:53-ին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի նախկին անասնագոմերի տարածքում զոդման աշխատանքների ընթացքում դիզվառելիքի երկաթե դատարկ գլանատակառում՝ 40 տոննա տարողությամբ, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով տարածքում բռնկվել է հրդեհ։
Հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ․ կրակը մեկուսացվել է 15։07-ին, իսկ ամբողջությամբ մարվել՝ 15։12-ին։
Պայթյունի հետևանքով կա տուժած մեկ քաղաքացի. նա հոսպիտալացվել է։ Հրդեհի արդյունքում նաև այրվել է մոտ 15 քմ էլեկտրական մալուխ ու էլեկտրական գործիքներ, վնասվել է մեկ գլանատակառի ստորին հատվածը, իսկ երեք գլանատակառներ ջերմահարվել են։
