ՀայաստանՊատահար

Լեհերը խուլիգանական վարքագիծ են դրսևորել նաև հայկական ռեստորաններից մեկում

Երևանում Լեհաստանի քաղաքացիների մասնակցությամբ արձանագրվել է խուլիգանական վարքագծի ևս մեկ դեպք։ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ֆուտբոլային հանդիպումից հետո ավելի վաղ ձերբակալված անձինք ազատ արձակվելուց հետո տեղափոխվել են ռեստորան, որտեղ կրկին խախտել են հասարակական կարգը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու և ֆիզիկական ներգործություն իրականացնելու հոդվածներով։ ՔԿ-ից հայտնում են, որ վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ։ Նրանցից 7-ի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք, իսկ 9 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին «Նոա»–«Լեգիա» խաղից հետո լեհ երկրպագուների խումբը խուլիգանական վարքագիծ էր դրսևորել «Վերնիսաժի» մոտ, ինչի հետևանքով 17 քաղաքացի ձերբակալվել և տեղափոխվել էր ոստիկանություն, ապա ազատ արձակվել։

Դեպքերը կապված են դեկտեմբերի 11-ին կայացած Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման հետ, որտեղ «Նոան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր լեհական «Լեգիային» և դուրս եկել փլեյ-օֆֆ փուլ։

Սակայն հարկ է նշել նաև, որ լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ «Լեգիայի» երկրպագուների վրա հարձակվել է Ռուսաստանից ժամանած կազմակերպված խումբը։