Հրդեհ դեղատան պահեստում
Երևանում՝ Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող դեղատան պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել այսօր՝ ժամը 15:40-ին։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳՆ փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկներ։ Աշխատանքներին ներգրավվել են նաև հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի հերթապահն ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Կրակը մեկուսացվել է ժամը 16։17-ին՝ կանխելով դրա տարածումը հարակից տարածքներ։ Դեպքի հանգամանքներն ու հնարավոր վնասների չափը պարզվում են։ Տուժածների մասին տվյալներ այս պահին չեն հաղորդվում։
