ԱռողջությունՀայաստան

ՀՀ-ում շարունակվում է սուր շնչառական վարակների ակտիվությունը․ ի՞նչ թվեր կան

Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվությունը շարունակվում է։ Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վիճակագրության և վերլուծության բաժնի պետ Աիդա Հովհաննիսյանը։

Նրա տեղեկացմամբ՝ տարվա 50-րդ շաբաթվա ընթացքում՝ նոյեմբեր ամսվա ընթացքում, սուր շնչառական հիվանդություններով ավելի քան 15 հազար մարդ է վարակվել։ Ամսվա սկզբի համեմատ այս թիվը աճել է 1․2 անգամ։ Դեպքերի շուրջ 80 տոկոսը բաժին է ընկնում 0–18 տարեկան երեխաներին։ Առավել բարձր ցուցանիշներ արձանագրվել են Արմավիրի, Շիրակի, Արարատի մարզերում և Երևանում։

Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին հանրապետությունում շրջանառվում են գրիպի A տեսակի H3N2 ենթատեսակը, բոկավիրուսը և ռինովիրուսը։ Մասնագետը նշել է, որ նշված հարուցիչները սեզոնային են և բնորոշ են տվյալ ժամանակահատվածին։

Հիվանդության հիմնական ախտանշաններն են ընդհանուր թուլություն, հազ, փռշտոց, քթահոսություն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ջերմության բարձրացում։ Գրիպի դեպքում հիվանդության սկիզբը կարող է լինել ավելի սուր և ուղեկցվել բարձր և դժվար կառավարելի ջերմությամբ, ինչպես նաև հարբուխային երևույթներով։ Միևնույն ժամանակ ընդգծվում է, որ գրիպի դեպքում թոքաբորբի առաջացման ռիսկն ավելի բարձր է։

Թոքաբորբով պայմանավորված՝ 50-րդ շաբաթվա ընթացքում առաջնային բուժօգնության կազմակերպություններ է դիմել 937 պացիենտ, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1․3 անգամ։ Ռիսկային խումբ են համարվում 0–18 տարեկանները, իսկ դիմողների գերակշիռ մասը 0–14 տարեկան երեխաներ են։

Նշվել է նաև, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է 1055 հոսպիտալացում, ինչը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 1․1 անգամ։ Հոսպիտալացվածների 91․7 տոկոսը կազմում են երեխաները։