Ադրբեջանական բենզինի ներկրումը կապվում է Խաչատուր Սուքիասյանի հետ
Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինի ներկրողը հայտնի է դարձել։ Նավթամթերքի ներմուծումն իրականացվել է այն ընկերության միջոցով, որը պատկանում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։
22 վագոնից բաղկացած բեռնատար գնացքով Հայաստան է տեղափոխվել 1218 տոննա A95 տեսակի բենզին։ Բեռը Ադրբեջանից Հայաստան է հասել Վրաստանի տարածքով և կանգառ կատարել Տավուշի մարզի Այրում կայանում։
Ներմուծումն իրականացրել է Մեգա Թրեյդ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Սուքիասյան ընտանիքին պատկանող բիզնեսների շրջանակում գործող ընկերություն և ընդգրկված է «Սիլ Կապիտալ» ընկերությունների խմբում։ Ադրբեջանական բենզինի գինն այս պահին, ըստ Հայրիյանի, հստակ ասել չեն կարող: Ներմուծումից հետո կհաշվարկվի վառելիքի ինքնարժեքը, և կսահմանվի մանրածախ վաճառքի գին։
Ադրբեջանից ներմուծված բենզինը վաճառվելու է Ran Oil բենզալցակայանների ցանցում, որի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է նույն ընկերությանը։
Այսպիսով, արդեն հստակ է, որ Ադրբեջանից Հայաստան ներմուծված նավթամթերքի ներկրումը իրականացվել է Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերության կողմից։
Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանը Քաղաքացիական պայմանագրի 2026 թվականի նախընտրական ցուցակում չի ընդգրկվելու։ Հարկ է նշել նաև, որ մինչ ցուցակից դուրս մնացած ՔՊ-ականները հայտնում էին իրենց հետագա գործունեության մասին, Խաչատուր Սուքիասյանը լռում էր։
