ՀայաստանՏնտեսություն

Ատոմային նոր էներգաբլոկի աշխատանքները մեկնարկում են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ կստեղծվի «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն, որը կզբաղվի Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարմամբ։

Այս աշխատանքների արդյունքում մասնագիտական եզրակացություն կներկայացվի ՀՀ կառավարությանը՝ նոր էներգաբլոկի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ։

Կառավարության՝ ՓԲԸ ստեղծելուջ որոշումն ընդունվել էր դեռևս 2024 թվականին, իսկ գործընթացը մտնում է գործնական փուլ հիմա։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը տեղեկացրել էր, որ ընկերությունը ստեղծվելու է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ուղեցույցների հիման վրա, լինելու է նախարարության ենթակայության ներքո և ֆինանսավորվելու էխ պետական բյուջեից։

Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման երկարաձգված ժամկետի ավարտին մնացել է մոտ 12 տարի։ Ատոմակայանը շահագործվում է 1979 թվականից, իսկ Սպիտակի երկրաշարժից հետո ժամանակավորապես դադարեցրել էր աշխատանքը։

Քանի որ նման մասշտաբի ծրագրերի իրականացումը կարող է տևել 8-10 տարի, նախատեսվում է, որ ատոմային նոր էներգաբլոկը շահագործման կհանձնվի Մեծամորի ատոմակայանի աշխատանքի դադարեցումից անմիջապես հետո։

Մարինա Գրիգորյան