Զորամասից դիզվառելիք են հափշտակել․ մեղադրյալները պաշտոնատար անձինք են
Զորամասում դիզելային վառելիքի հափշտակության դեպք է բացահայտվել, որի շրջանակում քրեական պատասխանատվության են ենթարկվել մի քանի պաշտոնատար անձինք։ Քննությամբ պարզվել է, որ գումարտակի հրամանատարի տեղակալը 700 լիտր դիզվառելիքի ավելցուկը պահեստ մուտքագրելու փոխարեն որոշել է այն վաճառել՝ ներգրավելով նույն զորամասի դասակի հրամանատարին։
Վառելիքը դուրս է բերվել զորամասի տարածքից և վաճառվել, իսկ ստացված գումարը բաժանվել է գործի մասնակիցների միջև։ Ավելի ուշ փորձ է արվել նույն եղանակով զորամասից դուրս բերել ևս շուրջ 2 տոննա դիզվառելիք, սակայն հանցավոր գործողությունը չի ավարտվել․ իրավապահները բացահայտել են հանցագործությունը։
Գործով մեղադրանքներ են ներկայացվել գումարտակի հրամանատարի տեղակալին, պահեստապետին, դասակի հրամանատարին և վառելիքի գնորդին։ Վերջինիս նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնվել է։
Քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան։
