Արման Ծառուկյան–Շարա Բուլետ մենամարտն ավարտվեց ոչ-ոքի
Դեկտեմբերի 30-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Hype Fighting-ի երկար սպասված առաջին մրցաշարը։ Մարզական շոուի գլխավոր իրադարձությունն ու մրցաշարի զարդը դարձավ Արման Ծառուկյանի և Շարաբութդին Մագոմեդովի (Շարա Բուլետ) մենամարտը։
84 կգ քաշային կարգում չեմպիոնական գոտու համար մղվող մենամարտը տևեց 6 րոպե, ինչպես և նախատեսված էր սկզբում։ Այն ավարտվեց ոչ-ոքի։
Հավելենք, որ խառը մենամարտերում (MMA) Շարաբութդին Մագոմեդովը ունի 16 հաղթանակ և 1 պարտություն, իսկ Արման Ծառուկյանը՝ 23 հաղթանակ և 3 պարտություն։
Մենամարտից առաջ UFC–ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը հայտարարել էր, որ Շարա Բուլետին բնակարան կնվիրի Երևանում, եթե Ռուսաստանը ներկայացնող մարտիկը հաղթի իրեն գրեփլինգի մենամարտում։
Իր հերթին, պարտության դեպքում Շարաբութդին Մագոմեդովը խոստացել էր Արման Ծառուկյանին նվիրել իր ձեռքի Rolex ժամացույցը։
Մարտի ավարտից հետո Արման Ծառուկյանը Երևանում նորակառույց տուն նվեր է ստացել՝ Հայաստանի դրոշը մի շարք հարթակներում բարձր պահելու համար։
