Հայաստանը բողոքի հայտագիր է հանձնել ՌԴ դեսպանին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն՝ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ Հայաստանի ինքնիշխանությանը վերաբերող հայտարարությունների կապակցությամբ։
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նրա խոսքով՝ բողոքի հայտագրում ընդգծվել է, որ պետական հեռուստաընկերության մաս կազմող ծրագրի եթերում հնչած հայտարարությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ անթույլատրելի ոտնձգություն, ունեն թշնամական բնույթ և կոպտորեն խախտում են Հայաստանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների հիմնարար սկզբունքները։
Ավելի վաղ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը, որի հեղինակային երկու հաղորդումները արդեն իսկ արգելափակված են Հայաստանի հանրային մուլտիպլեքսում՝ հակահայկական բովանդակության պատճառով, անդրադարձել էր ռուս-հայկական հարաբերություններին։ Նա հայտարարել էր, որ Հայաստանի «կորուստը» նույնքան խնդիր է Ռուսաստանի համար, որքան Ուկրաինայինը։
Բացի այդ՝ Սոլովյովն ակնարկել էր «հատուկ ռազմական գործողություն» սկսելու հնարավորության մասին Ռուսաստանի ազդեցության գոտիներում՝ անտեսելով միջազգային իրավունքը։
