Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթ է պատրաստվում
Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Այս մասին հունվարի 14-ին ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Դեսպանը նշել է, որ փաստաթուղթը դեռ պատրաստման փուլում է և հույս հայտնել, որ այն կստորագրվի այս տարվա ընթացքում երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ համագործակցությունը կանդրադառնա տարբեր ոլորտների, ներառյալ երկաթուղային կապի նախագծեր Ջուլֆա-Նախիջևան-Երևան հատվածում, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացում, համատեղ արտադրության կազմակերպում և ազատ առևտրի գոտիների ստեղծում։
Նա հավելեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում է։ Պետք է հասնել նրան, որ երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատման նախագիծն իրականացվի՝ Ջուլֆա-Նախիջևան և վերջնակետը՝ Երևան։
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է կարողանալ հասցնել այն կետին, որ լինի համատեղ արտադրություն և ազատ առևտրի գոտիներ ստեղծվեն։
