ՀայաստանՏնտեսություն

Ինչու՞ է թանկացել հեղուկ գազը. Փաշինյանն ու Պապոյանը պարզաբանումներ են ներկայացրել

Կառավարության հունվարի 15-ի նիստում քննարկվել է հեղուկ գազի գնի բարձրացման հարցը։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը նշել է, որ գների աճը սովորական սեզոնային երևույթ է, որը գրանցվում է գրեթե ամեն տարի դեկտեմբերին։ Նրա խոսքով՝ Վերին Լարսում առաջացող խնդիրների պատճառով թանկանում են տրանսպորտային ծառայությունները, ինչն էլ ազդում է վերջնական գնի վրա։ Գևորգյանը ընդգծել է, որ շուկայում դեֆիցիտ չկա։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը պարզաբանել է, որ հեղուկ գազը Հայաստան է ներմուծվում հիմնականում երկու ուղղությամբ՝ Վերին Լարսով՝ Ռուսաստանից, և Իրանից, սակայն ներկայում երկու ուղղություններով էլ կան բարդություններ։ Նախարարի խոսքով՝ այս պայմաններում գործարարներին առաջարկվել է օգտվել երկաթուղային հաղորդակցությունից, որը կարող է ապահովել ավելի կայուն մատակարարումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է, որ խնդիրը պետք է դիտարկել ավելի լայն՝ խաղաղության և հաղորդակցությունների բացման համատեքստում։ Նրա խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է ունենալ մատակարարումների տարբեր ուղիներ և աղբյուրներ, և կառավարությունն այդ ուղղությամբ քայլեր է իրականացնում։ Փաշինյանը վստահեցրել է, որ 2026 թվականի դեկտեմբերին նման իրավիճակ չի լինի։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ևս նշել է, որ շուկան ժամանակի ընթացքում կհարմարվի առկա պայմաններին, և ներմուծումները կկազմակերպվեն ավելի համակարգված և կանխատեսելի տրանսպորտային ուղիներով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով