ԻրավականՀայաստան

Սամվել Կարապետյանը կվերադառնա քրեակատարողական հիմնարկ

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքի որոշումը։ Նոր որոշման համաձայն` նա կրկին կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։

Հունվարի 5-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով Կարապետյանին կալանավորել։ Հունվարի 12-ին դատարանը վարույթ էր ընդունել ինչպես դատախազության, այնպես էլ Կարապետյանի պաշտպանական խմբի բողոքները։ Որոշման հրապարակման օր էր սահմանվել հունվարի 16-ը։

Կարապետյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին, երբ նրա տանը խուզարկություն էր իրականացվել Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն ցուցաբերելու հայտարարություններից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել հարկերից խուսափելու, փողերի լվացման և սահմանադրական կարգին ուղղված հրապարակային կոչերի համար։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ նրա մեղադրանքը փոփոխվել է. ավելացվել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դրվագներ։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց նրա խափանման միջոցը. կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով, և նույն օրը Կարապետյանը վերադարձավ տուն։