ՀայաստանՍոցիալական

Միջազգային գործակալությունը լավատեսորեն է գնահատել Հայաստանի տնտեսությունը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով այն «դրական», և պահպանել է վարկանիշը «BB» մակարդակում:

Վարկանիշի հեռանկարի վերանայումը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով՝ Հայաստանի միջազգային պահուստների աճով, հարկաբյուջետային կոնսոլիդացիայով, պետական պարտքի կայունացմամբ և տնտեսական շարունակական աճով։

Գործակալությունը նաև նշում է, որ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանի հետ ընթացող խաղաղության գործընթացը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը:

Fitch-ի կանխատեսումներով՝ 2025 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի իրական աճը կկազմի 5.5%, իսկ 2026-2027 թվականներին աճի տեմպը կպահպանվի 5.0%-ից բարձր մակարդակում։

Դրական աճի լրացուցիչ հնարավորություններ կարող են առաջանալ, եթե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը իրականացվի և Թուրքիան բացի սահմանը:

Գործակալությունը ընդգծում է, որ այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը ենթարկվում է հաճախակի տատանումների, Հայաստանը ոչ միայն պահպանում է կայունություն, այլև ցուցադրում է զարգացման բարձր դինամիկա։

Մարինա Գրիգորյան