Կյանքից հեռացել է Զառա Արամյանը
Կյանքի 55-րդ տարում մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը։
Նրա մահվան մասին սոցիալական ցանցում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը․
«Մեր ուրախ Զառան էլ մեզ հետ չի։ Լույսերի մեջ մնա…»։
Զառա Ֆելիքսի Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին Երևանում։ Տարիներ շարունակ նա ակտիվ գործունեություն է ծավալել ռադիոյի, հեռուստատեսության և թատրոնի ոլորտներում՝ հանդիսատեսին ներկայանալով թե՛ որպես հաղորդավար, թե՛ որպես դերասանուհի։
1993–2002 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում՝ «Հայաստանի ձայն» խմբագրությունում, իսկ ավելի ուշ՝ հեռուստատեսությունում վարել է «Համով զրույց» հաղորդումը։ 2003–2018 թվականներին գործունեություն է ծավալել Հայկական Երկրորդ հեռուստաալիքում։ Նկարահանվել է ավելի քան 300 հեռուստանախագծերում, խաղացել է մի շարք գեղարվեստական ֆիլմերում և թատերական ներկայացումներում։
2014 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զառա Արամյանը սրտի լուրջ խնդրի և թթվածնի անբավարարության պատճառով տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 համալսարանական հիվանդանոցային համալիր, որտեղ գտնվում էր վերակենդանացման բաժնում։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծայրահեղ ծանր։
Էլեն Բեջանյան
