Դավոսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները
Դավոսում կայացած տնտեսական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ կզարգանա։ Խաչատուրյանի խոսքով՝ գործընթացը հաջողության է հասնելու, քանի որ երկու կողմերն էլ նայում են առաջ և չեն կենտրոնանում անցյալի պատճառների վրա, ինչը թույլ կտա օգտվել այսօր ստեղծված հնարավորություններից։
Հավատացնում եմ՝ սա սովորական չէ մեզ համար, մինչ այդ մենք արթնանում էինք մտահոգված սահմանին տեղի ունեցող իրադարձություններով, որտեղ հիմնականում կրակոցներ, զոհեր ու վիրավորներ էին լինում։ Հիմա, նույնիսկ մոռացել ենք այդ սթրեսային իրավիճակը և կենտրոնացած ենք մեր ծրագրերի իրականացման վրա,- ասել է Խաչատուրյանը։
Նա ընդգծել է, որ խաղաղության հաջողության գլխավոր նախապայմաններից մեկն այն է, որ երկու կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը՝ առաջնորդվելով հստակ սկզբունքներով։ Խաչատուրյանը նշել է, որ սահմանների բացումն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կստեղծի՝ նպաստելով Հայաստանի և տարածաշրջանի զարգացմանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես շեշտել է, որ այս խաղաղության պայմաններում երկկողմ հարաբերությունները նոր փուլ են մտել։ Նա նաև հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանից թույլտվություն է խնդրել իր բեռները Ռուսաստան տարանցելու համար, և եթե այսօր փոխադրումն իրականացվում է Վրաստանի տարածքով, ապա կգա մի օր, երբ դա ուղիղ Ադրբեջանից Հայաստան ու Հայաստանից Ադրբեջան կլինի, և այդ օրը շատ հեռու չէ։
Մենք ընդամենը 5-6 ամիս է, ինչ խաղաղության մեջ ենք ապրում։ Սա առաջին անգամն է, երբ անկախ երկրներ խաղաղության մեջ են և կարող են զարգացնել տնտեսական համագործակցություն։ Ադրբեջանից արդեն Հայաստան է տեղափոխվել կարևոր նավթամթերք, ինչը նպաստել է գների նվազմանը,- ասել է Ալիևը։
Երկու առաջնորդները մեկ անգամ ևս հաստատել են, որ ներկայիս խաղաղության գործընթացը նպատակ ունի ոչ թե քաղաքական իշխանություն պահպանել, այլ ապահովել տարածաշրջանի երկարաժամկետ խաղաղություն և տնտեսական զարգացման հնարավորություններ:
