ԿրոնՀայաստան

Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցի հրապարակման հարցով դատարանի որոշումը կբողոքարկվի

Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի այն որոշումը, որով ՀՀ քննչական կոմիտեից պահանջվել էր ուսումնասիրել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորականի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված հանգամանքները։

Ինչպես հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մինչև բողոքարկման վերաբերյալ վերջնական դատական ակտի կայացումը քրեական վարույթ չի նախաձեռնվելու։

Հունվարի 20-ին փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցի գաղտնիության խախտման մասով անհրաժեշտ է քրեական վարույթ հարուցել։

Հիշեցնենք, որ դեռևս հոկտեմբերի 17-ին հայտնի էր դարձել՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի համացանցում տարածված ձայնագրության առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձայնագրության մեջ նախկին հոգևորականը դժգոհություն էր հայտնում, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։

Հոկտեմբերի 22-ին Արա Զոհրաբյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ խնդրելով վարույթ նախաձեռնել հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունն ապօրինի խախտելու հատկանիշներով։ Նա նշել էր նաև, որ հնարավոր է ձայնագրությունները ենթարկված լինեն մոնտաժի կամ փոփոխությունների։

Հոկտեմբերի 29-ին Քննչական կոմիտեն մերժել էր քրեական վարույթ նախաձեռնել, իսկ այդ որոշման դեմ ներկայացված բողոքը նոյեմբերի 18-ին մերժվել էր նաև ՀՀ գլխավոր դատախազության կողմից։