ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 150 մլն դոլարի վարկ կվերցնի բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկից 150 մլն դոլարի վարկ ներգրավելու որոշմանը։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։
Այդ նպատակով կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրումը։
Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2025–2027 թվականների ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թվականի փոխառությունների տարեկան ծրագրի շրջանակում։
Ծրագրի համաձայն՝ պետական բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է 675 մլն դոլար, որը նախատեսվում է ներգրավել միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը կկազմի 3 տարի։
Ավելի վաղ Հովհաննիսյանը նշել էր, որ Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ կազմել է 5 տրլն 323 մլրդ դրամ, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 13 մլրդ 852 մլն դոլար: Ընդ որում՝ ներքին պարտքը շարունակում է ավելի բարձր լինել, քան արտաքին պարտքը՝ հասնելով 52 տոկոսի: Դրամային պարտքը կազմում է 51 տոկոս՝ արտարժութային պարտքի 49 տոկոսի համեմատ:
