Արփա-Սևան թունելի անխափան շահագործման համար կառավարությունը տարեկան 300 մլն դրամ կտրամադրի
ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Արփա-Սևան թունելի անխափան աշխատանքի ապահովման նպատակով տարեկան 300 մլն դրամ հատկացնելու վերաբերյալ։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 22-ի նիստում։
Որոշման հիմնավորման համաձայն՝ միջոցառումը պայմանավորված է Սևանա լճի մակարդակի աստիճանական բարձրացման անհրաժեշտությամբ և թունելով Սևանա լիճ առավելագույն քանակի ջրի տեղափոխման նպատակով։
Այդ շրջանակում կառավարությունը կերկարաձգի Արփա–Սևան ԲԲԸ-ի հետ կնքված հավատարմագրային կառավարման պայմանագրի գործողության ժամկետը ևս 4 տարով՝ յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 300 մլն դրամ ֆինանսավորում։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս քայլով կապահովվի հիդրոհանգույցի անվտանգ և անխափան շահագործումը, պահպանությունը, ջրային համակարգի օտարման գոտում սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև հիդրոհանգույցով տեղափոխված ջրի ծավալին համաչափ Սևանա լճի ջրային պաշարների ավելացումը։
Որոտան-Արփա-Սևան հիդրոհանգույցի ջրային համակարգի կառավարումը հավատարմագրային կառավարման է հանձնվել 2004 թվականի օգոստոսի 17-ին կնքված պայմանագրով, որի գործողության ժամկետը ՀՀ կառավարության 2023 թվականի որոշմամբ երկարաձգվել էր մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ այսօրվա որոշմամբ այն կգործի մինչև 2030 թվականը։
