ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրմանը։ Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և այն հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքէջում։ Կանոնադրության դրույթների համաձայն՝ այն երկրները, որոնք ցանկանում են խորհրդին միանալ երեք տարուց ավելի ժամկետով, պետք է առաջին տարում իրականացնեն ավելի քան մեկ միլիարդ դոլարի ներդրում։ Այս պահանջի մասին հայտնել են նաև ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ։
Որոշման մեջ նշվում է, որ այն ընդունվել է «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 7-րդ հոդվածի հիման վրա։ Փաստաթղթով միաժամանակ հանձնարարվում է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին կազմակերպել Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման գործընթացը։
Խաղաղության խորհրդի ձևավորման մասին ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Գազայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ Այդ ժամանակից ի վեր դրա գործունեության շրջանակն ընդլայնվել է. Թրամփի վարչակազմը հրավիրել է տասնյակ երկրների և ակնկալում է, որ այս մարմինը կարող է ստանձնել ավելի լայն դեր՝ որպես միջազգային հակամարտությունների միջնորդ: Նա մի շարք պետությունների ղեկավարների հրավիրել էր դառնալ խորհրդի անդամ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու պատրաստակամության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել։
Մի շարք երկրներ արդեն համաձայնել են միանալ Խաղաղության խորհրդին, մինչդեռ եվրոպական որոշ պետություններ հրաժարվել են մասնակցությունից, իսկ մի մասը դեռևս չի արձագանքել Վաշինգտոնի հրավերներին։
Al Jazeera-ի տվյալներով՝ Խաղաղության խորհրդին միանալու պատրաստակամություն են հայտնել հետևյալ երկրները՝ Հայաստան, Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Բելառուս, Եգիպտոս, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մարոկկո, Պակիստան, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան և Վիետնամ։
