Միքայել Մինասյանի, Հովիկ Աբրահամյանի և այլոց գործերով պետությանը պատճառված վնասները վերականգնվել են
2025 թվականի ընթացքում պետությանը պատճառված խոշոր չափի վնասներ են վերականգնվել մի շարք աղմկահարույց քրեական վարույթների շրջանակում։ Խոսքը վերաբերում է նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց շրջապատի ներկայացուցիչների գործերին, որոնցով պետությանը հասցված ֆինանսական վնասները վերադարձվել են պետական բյուջե։
Պետությանը պատճառված վնասների վերականգնումներ են իրականացվել այն քրեական վարույթների շրջանակում, որոնք առնչվում են Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանին, Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եղբորը, ինչպես նաև նրանց հետ կապ ունեցող այլ անձանց։
Բացի այդ, պետությանը հասցված վնասների վերադարձը ապահովվել է նաև ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի ընտանիքի անդամների, նախկին պատգամավորներ Նահապետ Գևորգյանի և Հարություն Փամբուկյանի ու նրանց ընտանիքի անդամների վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում։
Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո քննված և ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է ընդհանուր առմամբ 15 միլիարդ 440 միլիոն դրամի վնաս, ինչը համարժեք է շուրջ 41 միլիոն 174 հազար ԱՄՆ դոլարի։ Այս ցուցանիշը շուրջ 2.4 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ՝ 2024 թվականի արդյունքը։
Վերականգնված վնասների թվում ներառված է նաև ռազմավարական նշանակություն ունեցող ընկերություն՝ շուրջ 1 միլիարդ 755 միլիոն դրամ գնահատված արժեքով։
