ՀայաստանՍոցիալական

2025 թվականին Հայաստանում շուրջ 400 խաղալիք է ոչնչացվել

2025 թվականի ընթացքում Հայաստանում ոչնչացվել է շուրջ 400 խաղալիք։ Այս մասին իր աշխատանքների ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը։

Նրա խոսքով՝ խաղալիքների, ցածրաոլտ սարքավորումների, երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի, ինչպես նաև չափումների միասնականության ապահովման ոլորտներում հիմնական ռիսկը պայմանավորված է շուկայում առանց համապատասխան մակնշման և համապատասխանության փաստաթղթերի արտադրանքի վաճառքով։

2025 թվականին նշված ոլորտներում իրականացվել է 111 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է 83 անհամապատասխանություն։

Կոտոլյանը տեղեկացրել է, որ 14 տնտեսվարողների կողմից ներկայացված խաղալիքներից վերցվել է 21 փորձանմուշ, որոնցից 4-ում հայտնաբերվել են անվտանգության ցուցանիշների խախտումներ։

Փորձաքննությունը իրականացվել է տեսչական մարմնի լաբորատորիայում, որի արդյունքներով շուրջ 400 խաղալիք ոչնչացվել է։

Տեսչական մարմնի ղեկավարը ընդգծել է, որ նմանատիպ փորձաքննություն Հայաստանում կիրառվել է առաջին անգամ և այն շարունակական բնույթ է կրելու նաև 2026 թվականին։