ՀայաստանՍոցիալական

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է, Արագածում՝ խիտ մառախուղ

Մի շարք մարզերում եղանակային պայմանները շարունակում են բարդացնել երթևեկությունը՝ չնայած նրան, որ հանրապետության բոլոր միջպետական և հանրապետական ավտոճանապարհները բաց են։

Հունվարի 28-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, ճանապարհներին շարունակվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները։ Սակայն որոշ հատվածներում վարորդները պետք է առավել զգոն լինեն։

Վարդենյաց լեռնանցքում երթևեկությունը դժվարացած է հատկապես կցորդով տրանսպորտային միջոցների համար․ անցանելիությունն ապահովվում է միայն անվաշղթաների կիրառմամբ։

Արարատյան դաշտի մի շարք հատվածներում, այդ թվում՝ Արտաշատի և Արարատի տարածաշրջաններում, առկա է մառախուղ, ինչի հետևանքով տեսանելիությունը նվազել է մինչև 80–100 մետր։
Արագածի տարածաշրջանում խիտ մառախուղի պատճառով տեսանելիությունը կազմում է 30–50 մետր։

Վարորդներին խորհուրդ է տրվում պահպանել արագության սահմանափակումները և երթևեկել բացառապես եղանակային պայմաններին համապատասխան պատրաստված տրանսպորտային միջոցներով։ Տվյալները ներկայացրել է Ճանապարհային դեպարտամենտը։