ՀայաստանՍոցիալական

«Պասկևիչի բլուրը» կօտարվի՝ այնտեղ բազմաֆունկցիոնալ կենտրոն կառուցելու համար

Երևանի քաղաքապետարանը կօտարի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասում գտնվող «Պասկևիչի բլուրը» և հարակից տարածքները՝ հանրության գերակա շահ ճանաչելով դրանք։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունվարի 29-ի նիստում։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանի կենտրոնական հատվածում տարածքային ռեզերվների սղությունը պահանջում է նոր զարգացման գոտիների ձևավորում։ Նորագյուղ թաղամասի ծրագիրը, ըստ հիմնավորման, պետք է նպաստի կենտրոնի ֆունկցիոնալ ապակենտրոնացմանը, տրանսպորտային հոսքերի բեռնաթափմանը և քաղաքային տարածքի կենսունակության բարձրացմանը։

Կառավարության որոշման հիմքում Երևանի ավագանու 2024 թվականի սեպտեմբերին ընդունած որոշումն է։ Ըստ դրա՝ Երևանի գլխավոր հատակագծով կենտրոնի հարավ-արևմտյան հատվածում՝ Հրազդան կիրճի եզրով և Ծովակալ Իսակովի պողոտայով, մոտ 81 հեկտար տարածքում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ միջազգային կենտրոն՝ 155 շենք 65 հազար բնակչի համար։ Նախագիծը ներառում է բնակելի, գործարար, դիվանագիտական և մշակութային նշանակության շինություններ, ինչպես նաև համաքաղաքային հանգստի գոտի։

Նախատեսվում է ստեղծել նոր ճանապարհային ցանց, ստորգետնյա ավտոկայանատեղիներ, կանաչապատ տարածքներ, ինչպես նաև հիմնովին վերանորոգել ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները։

Քաղաքաշինական ծրագրի իրականացման առաջարկը ներկայացրել են «ԴԻԹԻ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» և «ԴԻԹԻ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերությունները։ Պետության անունից պայմանագիրը կստորագրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նշվում է, որ «Պասկևիչի բլուրը» նախկինում նախատեսված էր ռուս-հայկական հուշահամալիրի կառուցման համար, սակայն ներկայում տարածքի մեծ մասն օգտագործվում է գյուղատնտեսական նպատակներով, իսկ մնացած հատվածում առկա են անհատական բնակելի տներ։