ՀայաստանՍոցիալական

Կառավարությունը գնահատում է ՀԷՑ-ի շուկայական արժեքը՝ հնարավոր պետականացման նպատակով

ՀՀ կառավարությունում այս պահին իրականացվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության շուկայական արժեքի գնահատում։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ եթե գնահատման արդյունքներով պարզվի, որ ընկերության ձեռքբերումը իրատեսական է պետական բյուջեի համար, ապա ՀԷՑ-ը ամբողջությամբ կպետականացվի և հավատարմագրված կառավարման կհանձնվի միջազգային բարձր մասնագիտական փորձ ունեցող ընկերության կամ ընկերությունների խմբի։

Փաշինյանը նշել է, որ միջազգային գործընկերները, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի առաջատար ընկերությունները տեղեկացված են ընթացող գործընթացների մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ տեղեկություններ են շրջանառվում ՀԷՑ-ի ֆինանսական վիճակի և հնարավոր ցածր շուկայական արժեքի վերաբերյալ։

Վարչապետի գնահատմամբ՝ ներկայումս ՀԷՑ-ը փաստացի գտնվում է պետական վերահսկողության ներքո, և ընկերության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունը զգալիորեն բարձրացել են։ Նրա խոսքով՝ ընդլայնվել է նաև համագործակցության շրջանակը տարբեր ընկերությունների հետ։ Նա նաև նշել է, որ այդ ամենը նախկինում սահմանափակված էր որոշակի կապերով, որոնք ունեցել են կոռուպցիոն բնույթ։ Նա տեղեկացրեց, որ այդ շրջանի գործունեության առնչությամբ հարուցված են քրեական գործեր։

Հիշեցնենք, որ նախորդ տարի վարչապետը հայտարարել էր՝ կառավարությունը քննարկում է ՀԷՑ-ի պետականացման և կոնցեսիոն կառավարման հանձնելու, ինչպես նաև հեղինակավոր մասնավոր ընկերության կողմից վերամասնավորեցման տարբերակները։ Փաշինյանը բազմիցս ընդգծել է, որ նախընտրելի է համարում պետականացման և կոնցեսիոն կառավարման մոդելը, իսկ մասնավոր ներդրող ներգրավելու տարբերակը կդիտարկվի միայն անհրաժեշտության դեպքում։