Քննարկվել են Roblox և այլ խաղային հարթակների հետ կապված ռիսկերն
Հունվարի 29-ին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել ծնողների հետ, որոնք մտահոգված են իրենց երեխաների թվային անվտանգությամբ:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Հանդիպումը կազմակերպվել էր վերջին շրջանում նախարարություն ստացված բազմաթիվ դիմումների ֆոնին, որոնք վերաբերում էին Roblox և այլ նմանատիպ խաղային հարթակներին։
Քննարկման ընթացքում ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները և առաջարկները: Քննարկման արդյունքում ընդգծվել է, որ պետության նպատակն այն չէ, որ սահմանափակման կամ արգելքների միջոցով պաշտպանել երեխաներին, այլ ապահովել նրանց թվային անվտանգությունը՝ հիմնված կրթության և իրազեկման վրա։
Սամվել Մարտիրոսյանը նշել է, որ խաղերի արգելափակումը արդյունավետ լուծում չէ՝ հաշվի առնելով տեխնիկական շրջանցման հնարավորությունները, և առանց ծնողների ակտիվ մասնակցության հնարավոր չէ ապահովել երեխաների պաշտպանվածությունը առցանց միջավայրում։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ առցանց ռիսկերի նվազեցման լավագույն մոտեցումը ծնողների իրազեկվածությունն ու մեդիագրագիտության բարձրացումն է: Ծնողները պետք է տեղեկացված լինեն, թե ինչ խաղեր են իրենց երեխաները խաղում, ինչ բովանդակության կարող են բախվել և ինչ գործիքներով կարելի է վերահսկել և նվազեցնել ռիսկերը:
Նախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ավարտին ձեռք են բերվել որոշ պայմանավորվածություններ։
